Byton-ը ներկայացրել է «ամենախելացի» էլեկտրական մեքենաներից մեկը (լուսանկարներ)
Նորաստեղծ Byton մեքենաշինական ընկերությունը Լաս Վեգասում մեկնարկած CES տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում ցուցադրել է սեփական արտադրության ֆուտուրիստիկ «խելացի» մեքենան:
Ինչպես նշում է BBC-ն, էլեկտրական մեքենան, որի ներսում շատ մեծ թաչսքրին կա, արմատապես կփոխի մեքենայի ներքին սրահի տեսքի և հարմարավետության վերաբերյալ պատկերացումները: Հետաքրքրական է, որ մեծ թաչսքրինը կարելի է կառավարել ձայնային հրահանգներով: Դրանից զատ տեղադրված է պլանշետ, մինչդեռ նստատեղերի հետևում կան «խելացի» էկրաններ, որոնք ցուցադրում են տեսանյութեր, քարտեզներ և այլ տեղեկություններ:
Երբ ինչ-որ մեկը մեքենա է նստում, ներսի տեսախցիկները որոշում են՝ ով է նա, ու գրանցում են տվյալ մարդու տվյալները: Մեքենան համալրված է ինքնակառավարման համակարգով, որը միացնելու դեպքում կարելի է փոխել նստատեղերի դիրքն ու ավելի հանգիստ, թուլացած միջավայրում վայելել ընթացքը:
Աղբյուրը նկատում է, որ թեև տպավորիչ նորույթը տեխնիկական բնութագրով դեռևս չի կարող մրցել ոլորտի առաջատար Tesla ընկերության էլեկտրական մեքենաների հետ, այնուհանդերձ, այն աչքի է ընկնում մի շարք նորարարական լուծումներով:
«Մենք ցանկանում ենք լինել շուկայում իսկապես առաջին «խելացի» էլեկտրական մեքենան ներկայացրած ընկերությունը»,-նշել է Byton-ի գործադիր տնօրեն Կարսթեն Բրեյթֆիլդը:
Հայտնի է, որ մեքենան 100 կմ/ժ արագություն է զարգացնում 5 վայրկյանում: Այն արժե 45.000 դոլար:
















