Գերմանիայում պատրաստվել է աշխարհի ամենախոշոր հայելու առաջին մասը
Գերմանացի տեխնոլոգները և ինժեներները պատրաստել են հսկայական 39 մետնրանոց հայելու առաջին վեց հատվածները, որը հաջորդ տասնամյակի սկզբին կտեղադրվի կառուցվող E-ELT աստղադիտակի վրա: Այս մասին հայտնում է Եվրոպական հարավային աստղադիտարանի մամուլի ծառայությունը:
«Ինձ համար շատ ուրախալի էր տեսնել, որ հայելու առաջին հատվածները բարեհաջող ձուլվել են Մայնցի գործարանում: Սա մեծ քայլ է դեպի առաջ E-ELT-ի պարտաստման աշխատանքում», - ասել է Գերմանիայի Գարխինգ քաղաքում տեղակայված Եվրոպական հարավային աստղադիտարանի օպտոմեխանիկական բաժնի ղեկավար Մարկ Քայրելը:
Նշվում է, որ E-ELT (European Extremely Large Telescope) աստղադիտակը, որի կառուցումը մեկնարկել է 2016 թվականի մայիսին Չիլիում, 2020-ական թվականների կեսին կդառնա պատմության խոշորագույն օպտիկական աստղադիտակը: Սարքի՝ 39 մետր տրամագիծ ունեցող ռեկորդային մեծ հայելին բաղկացած կլինի 1.4 մետրանոց 798 վեցանկյուն հատվածներից:
Եվրոպական հարավային աստղադիտարանի ընթացիկ հաշվարկների համաձայն՝ աստղադիտակի ընդհանուր արժողությունը կգերազանցի մեկ միլիարդ դոլարը, և գումարի մեծ մասը կծախսվի օպտիկական սարքերի պատրաստման և աստղադիտարանի շինության կառուցման համար:












