Սաուդյան Արաբիայի քաղաքացի համարվող ռոբոտ Սոֆյան սովորել է քայլել (տեսանյութ)

12:26 • 10.01.18

ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում անցկացվում է CES 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսը, որի ժամանակ Hanson Robotics-ի մասնագետները ցուցադրել են Սոֆյա ռոբոտին: Հատկանշական է, որ այժմ հայտնի ռոբոտը կարող է քայլել:

Cnet պորտալի հաղորդմամբ՝ ներկայում անդրոիդն ի վիճակի է տեղաշարժվել 1կմ/ժ արագությամբ և մի քանի պարային շարժում անել:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Սոֆյա անունով ռոբոտը Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն է ստացել: Այսպիսով՝ Սաուդյան Արաբիան դարձել է ռոբոտին պաշտոնապես քաղաքացիություն շնորհած առաջին պետությունն աշխարհում:

Հիշեցնենք, որ Սոֆյան այցելել էր ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարան ու մասնակցել այնտեղ կազմակերպված տեխնոլոգիական քննարկմանը:

Հայտնի է, որ այն ստեղծվել է դերասանուհի Օդրի Հեփբերնի նախատիպով: Սոֆյան ունի հարթ մաշկ, փոքր քիթ, ընդգծված այտոսկրեր, գեղեցիկ ժպիտ, իսկ նրա աչքերի գույնը փոխվում է՝ լուսավորությունից կախված:

Ռոբոտի ստեղծող Դևիդ Հանսոնի նպատակն է պատրաստել այնպիսի մեքենաներ, որոնք կլինեն մարդուց ավելի խելացի ու միևնույն ժամանակ կունենան ստեղծագործ մտածողություն, կարեկցելու ունակություն:

Ավելի վաղ Սոֆյան հյուրընկալվել էր բրիտանական հեռուստաշոուներից մեկին, որտեղ պատմել էր իր մասին:

«Ինձ համար կատարյալ զուգընկերը պետք է լինի գերխելացի, ընկերասեր, հանճարեղ: Բայց ես դեռևս երիտասարդ եմ սիրավեպի մասին մտածելու համար»,-ասել էր ռոբոտը:

 

 

Սաուդյան Արաբիայի քաղաքացի համարվող ռոբոտ Սոֆյան սովորել է քայլել (տեսանյութ)