Մարսի վրա հաստ սառցակտորներ են հայտնաբերվել (լուսանկար)

14:20 • 12.01.18

Աստղագետներն ութ հաստ սառցակտոր են հայտնաբերել Մարս մոլորակի վրա, որոնք մինչ այդ անհայտ էին: Սառույցի կտորները բազմաշերտ են, և գիտնականները հույս ունեն, որ դրանց ուսումնասիրությունը թույլ կտա ավելի շատ տեղեկություններ ստանալ Մարսի կլիմայական պատմության մասին: Այս մասին ասվում է ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) կայքում:

Science ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ հետազոտողներն ուսումնասիրել են ՆԱՍԱ-ի Mars Reconnaissance Orbiter միջմոլորակային կայանում տեղադրված HiRISE խցիկի միջոցով արված կադրերը: Կադրերում ութ հատված է նկատվել, որտեղ քայքայման հետևանքով սկսել են երևալ սառցակտորները: Ընդ որում՝ սառույցի կտորներից մի քանիսի հաստությունը գերազանցում է հարյուր մետրը:

Գիտնականները մանրամասնել են, որ հատվածները, որոնցում հայտնաբերվել են դրանք, իրենցից ներկայացնում են միջին լայնություններում տեղակայված մինչև 55 աստիճան անկյան տակ թեքված լանջեր:

Խառնարանների բացակայության պատճառով ենթադրվում է, որ սառցակտորներն առաջացել են համեմատաբար վերջերս: Դրանք ծածկված են մանր փոշու սառած շերտով։


Սառցակտորների շերտային կառուցվածքը վկայում է այն մասին, որ դրանք ձևավորվել են տարբեր կլիմայական պայմանների ազդեցության տակ:

 

 

 

 

Մարսի վրա հաստ սառցակտորներ են հայտնաբերվել (լուսանկար)