Ռուսական ընկերությունն ինքնագնաց մեքենաներին կսովորեցնի մտածել մարդու պես
Լաս Վեգասում անցկացված CES սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսին մասնակցող Cognitive Technologies ռուսական ընկերությունը, որն զբաղվում է ինքնագնաց մեքենաների համար արհեստական ինտելեկտի ծրագրավորմամբ, ներկայացրել է ճանապարհային երթևեկության վերլուծության համակարգը:
Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, ընկերությունից նշել են, որ Cognitive Smart Situation Capture համակարգն ունակ է ոչ միայն տարբերել օբյեկտները, այլև ճշգրիտ վերլուծել ճանապարհային իրավիճակը, ինչպես նաև «անվտանգ երթևեկության սցենար մշակել»:
Երթևեկության մասնակից այլ մեքենաների վարքագիծը՝ շարժման ուղղությունն ու արագությունը, ուսումնասիրելով՝ տեխնոլոգիան ինքնագնաց մեքենայի տեղաշարժի սցենար է մշակում: Նշվում է, որ նման համակարգի կիրառման պարագայում անվտանգությունը պետք է բարձրանա 30 տոկոսով:










