Պետությունը մի կողմից ավելի ճկուն օրենք է ընդունում, մյուս կողմից բուհերին ասում է՝ գնացեք գումար գտեք, ուսանող գտեք. Ս. Խաչատրյան

21:36 • 14.01.18

Բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխությունները հիմնականում դրական են, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կիրականացվեն դրանք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Փոփոխություններից մի քանիսի համաձայն, օրինակ՝ ուսանողը կարող է որոշել քանի տարում ավարտել բուհը կամ միաժամանակ սովորել երկու բուհում:

«Ընդհանուր առմամբ օրենքը բարձրագույն կրթության համակարգը դարձնում է ավելի ճկուն, այսինքն, եթե նախկին համակարգը ավելի կարծրացած էր, այստեղ հնարավորություններն ավելի ճկուն են դառնում՝ նույն ուսուցման ձևերի հետ կապված, տևողության հետ կապված որոշակի լրացուցիչ հնարավորություններ են տրվում ուսանողներին»,-ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով` մյուս կարևոր փոփոխությունը բուհերի կառավարման խորհուրդների հետ է կապված:

«Շատ կարևոր է, որ այդ խորհուրդները ապաքաղաքականացվում են, այսինքն, եթե օրենքը այս ձևով ընդունվի, այլևս քաղաքական դեմքերը, մարզպետները չեն կարող լինել կառավարման խորհուրդներում»,-ասաց նա:

Կրթության ոլորտի փորձագետը կարծում է, որ բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխություններով բուհերին մի շարք հնարավորություններ են տրվում, բայց պետության կողմից բուհերի ֆինանսական աջակցությունը չի ավելանում:

«Այսպիսի միտում եմ տեսնում, որ պետությունը մի կողմից, իհարկե, ավելի ճկուն օրենք է ընդունում, բայց մյուս կողմից կա տպավորություն, որ պետությունը նաև այս օրենքով բուհերին ասում է, որ դուք գնացեք, ձեզ համար գումար գտեք, ուսանող գտեք, նաև այդպիսի բան կա, որ բուհերին ուղղված պետական ֆինանսավորումը, ըստ էության, չի փոխվելու, չի աճելու: Հիմա բուհերին այս օրենքով ավելի մեծ հնարավորություններ կտրվեն՝ իրենց հիմնադրամներ լրացուցիչ միջոցներ բերելով, բայց մյուս կողմից էլ, որքանո՞վ բուհերը կկարողանան ինքնուրույն այդ խնդիրը լուծել, դա էլ կա, այսինքն` երաշխիքներ, որ բուհերի վիճակը պետությունը ֆինանսական առումով կլավացնի, այս օրենքով այդքան չեմ տեսնում»,-ասաց նա:

Սերոբ Խաչատրյանի խոսքով շատ բան կախված է բուհերից, որովհետև բուհական կրթությունը մեծապես կախված է նրանից, թե ովքեր են մտնում լսարան, ինչպես են աշխատում ուսանողների հետ, ինչպես են համագործակցում գործատուների հետ:

«Բայց մի բան ակնհայտ է, որ առաջիկա տարիներին էապես նվազելու է և՛ դիմորդների թիվը, և՛ բուհական կրթության պահանջարկը: Պետք է բուհերը մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի կարողանան այդ որակի խնդիրը լուծել, օրենքը ընդհանուր գծերով այդ հնարավորությունը տալիս է, թե ոնց կօգտագործվի, դա արդեն կախված է բուհերից: Հիմա կա նաև տենդենց բուհերից հեռանալու, ոչ միայն կա Հայաստանից արտագաղթ, այլ նաև ինչ-որ իմաստով բուհերից էլ կա արտագաղթ, և առաջիկա տարիներին բուհերը էլի պիտի կրճատեն աշխատողներ։ Շատ բան կախված է նրանից, թե որքանով խելամիտ ու արդարացի կանեն այդ կրճատումները»,-ասաց նա:

Օրենքի նախագծով նաև հնարավորություն է տրվում բուհերի միջև համագործակցության, բայց քանի դեռ, ըստ Խաչատրյանի, բուհերի միջև կա մրցակցային պահը՝ ով ումից ուսանող տանի, այդ համագործակցությունը դժվարանում է ասել՝ որքանով կստացվի:

 

Պետությունը մի կողմից ավելի ճկուն օրենք է ընդունում, մյուս կողմից բուհերին ասում է՝ գնացեք գումար գտեք, ուսանող գտեք. Ս. Խաչատրյան