Միչիգանի բնակիչները վառ լուսարձակում են նկատել երկնքում (տեսանյութեր)

13:23 • 17.01.18

Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ-ի Միչիգան նահանգի բնակիչները վառ լուսարձակում են նկատել երկնքում և նկարահանել այն, որը, Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, տեղի է ունեցել երկնաքարի անկման արդյունքում:

«Մի շարք տվյալներ ուսումնասիրելուց հետո Ազգային օդերևութաբանական ծառայությունը կարող է հաստատել, որ փայլատակումն ու շրմփոցն ամպրոպ կամ կայծակ չէին, այլ, ամենայն հավանականությամբ, երկնաքար: Մենք շարունակում ենք հետևել աստղագիտական գործակալությունների էջերին՝ երկնաքարի վարկածը պաշտոնապես հաստատելու համար», - ասվում է Ազգային օդերևութաբանական ծառայության հաղորդագրությունում:

Նշվում է, որ երկնաքարի անկման վարկածը դեռ պաշտոնապես չի հաստատվել:

Ամերիկյան ասուպային ընկերակցությունը (American Meteor Society) հաղորդել է, որ երկնքում առաջացած փայլատակումից հետո իր սերվերները ծանրաբեռնվել են տեղի ունեցածի մասին հայտնել ցանկացողների մեծ թվից:

Երևույթի ականատեսները նկարագրել են իրենց տեսածը որպես վառ լուսարձակում և «տները ցնցող» ամպրոպ:

Նահանգի մի շարք բնակիչներ սոցցանցերում հրապարակել են տեղի ունեցածի տեսանյութերը, որոնք նկարահանվել են տների վրա և ավտոմեքենաներում տեղադրված տեսախցիկների միջոցով:

 

 

 

Միչիգանի բնակիչները վառ լուսարձակում են նկատել երկնքում (տեսանյութեր)