Արհեստական ինտելեկտն ավելի հիմնարար նշանակություն կունենա, քան էլեկտրաէներգիան կամ կրակը. Google-ի ղեկավար
Տեխնոլոգիական ոլորտի ամենախոշոր «խաղացողներից» մեկի՝ ամերիկյան Google ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչայը հաղորդումներից մեկի ժամանակ խոսել է վիճահարույց արհեստական ինտելեկտի (ԱԻ) մասին՝ նշելով, որ այն մարդկության համար դառնալու է ապագայի հիմնաքարերից մեկը:
Ինչպես նշում է The Verge-ը, Պիչայն ԱԻ-ն իր ներկայացրած կարևորությամբ համեմատել է էլեկտրաէներգիայի ու կրակի հետ:
«Այն ամենակարևոր բաներից մեկն է, որի վրա մարդկությունն այժմ աշխատում է: Այն ավելի հիմնարար նշանակություն կունենա, քան էլեկտրաէներգիան կամ կրակը»,- հայտարարել է գործարարը՝ ընդգծելով, որ ԱԻ-ն կարող է օգնել լուծել կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացող խնդիրները կամ բուժել քաղցկեղը:
Աղբյուրը նկատում է, որ Պիչայը համարվում է ԱԻ-ի ստեղծման ու զարգացման գաղափարի՝ համաշխարհային մակարդակով առաջամարտիկներից մեկը:
Նա ընդունել է, որ առաջադեմ տեխնոլոգիաները՝ ի դեմս ԱԻ-ի, կարող են բազմաթիվ մարդկանց գործազուրկ դարձնել կամ առհասարակ վերացնել որոշ մասնագիտությունների պահանջարկը, սակայն միևնույն ժամանակ կոչ է արել մարդկանց ընդունել տեխնոլոգիաների թելադրած փոփոխությունները:
![]()










