Facebook-ը խոստացել է «առաջ տանել ժողովրդավարությունը»

13:42 • 23.01.18

Facebook սոցցանցը խոստացել է «նպաստել ժողովրդավարության առաջընթացին»՝ ԱՄՆ ընտրություններին «ռուսական միջամտության» մասին խոսակցությունների ֆոնին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«2016 թվականին մենք Facebook-ում չափազանց դանդաղ ընդունեցինք այն փաստը, որ վատ գործող անձինք չարաշահել են մեր հարթակը: Մենք ջանասիրաբար աշխատում ենք այս ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ», - գրել է քաղաքացիական նախաձեռնությունների գծով Facebook-ի տնօրեն Սամիդ Չակրաբարտին:

«Մենք աչք չենք փակում այն կորստի վրա, որը համացանցը կարող է պատճառել նույնիսկ լավ գործող ժողովրդավարության վրա: ՄԵզ համար սարսափելի է, որ ազգային պետությունն օգտագործել է մեր հարթակը՝ հասարակությանը պառակտելու նպատակով կիբեռպատերազմ անցկացնելու համար», - հավելել է Չակրաբարտին՝ չհիշատակելով Ռուսաստանը:

Գլոբալ քաղաքականության և կառավարական մարմինների հետ կապի բաժնի ղեկավար Քեթի Հարբեթն իր հերթին ասել է, որ ընկերությունը կպայքարի «բացասական ազդեցության դեմ»:

Ավելի վաղ Facebook-ը եկել է եզրակացության, որ «ռուսական գործող անձինք» կանգնած են մոտ 80 հազար ֆեյսբուքյան գրառումների հետևում, որոնք կարող էին կարդալ մինչև 126 միլիոն ԱՄՆ բնակիչ: Սակայն սոցցանցի ներկայացուցիչները չեն մեկնաբանել՝ ինչպես կարող էր սա ազդեցություն գործել ընտրությունների վրա:

Հայտնի է, որ Ռուսաստանը բազմիցս հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «ամբողջովին անհիմն» է անվանել այս մեղադրանքները:

Facebook-ը խոստացել է «առաջ տանել ժողովրդավարությունը»