Դա իր տեսակետն է. ԿԳՆ պաշտոնյան հակադարձում է Գործատուների միության նախագահին

21:30 • 24.01.18

ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն անհեթեթություն է որակել Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գ. Մակարյանի այն հայտարարությունը, թե ՀՀ-ում ներդրումների խոչընդոտող ամենակարևոր արգելքը կրթական համակարգն է:

 

Վարչության պետը համոզված է, որ տվյալ հայտարարությունը ավելի շատ պարոն Մակարյանի անձնական տեսակետն է, քան տվյալ կազմակերպությունում ընդգրկված գործատուների:

 

Նա ընդգծել է, որ թերևս հակված է մտածելու, որ հնչեցվածը սոսկ անձնական տեսակետ է, որովհետև ոլորտում արդեն ձևավորվել համագործակցային այնպիսի հարթակ, որում ներկայացված են բիզնեսի շահերը  ներկայացնող տարբեր կազմակերպությունները, ինչպես նաև բիզնեսի այլ ներկայացուցիչներ, որոնք որևէ միության չեն անդամակցում:

 

Ըստ Ա. Աղբալյանի` այսօր քոլեջների և ուսումնարանների կառավարման խորհրդներում պարտադիր ընդգրկված են  գործարար հատվածը ներկայացնող առնվազն երկու–երեք անդամ, որոնց թեկնածությունները ներկայացնում են միություններ, այդ թվում նաև պարոն Մակարյանը:

 

«Միաժամանակ նշեմ, դեռևս 2008 թվականից գործում է ՄԿՈՒ զարգացման ազգային խորհուրդը, որը եռակողմ մարմին է և գործարար աշխարհը ներկայացնող բոլոր միությունները ներկայացված են այդ խորհրդում, այդ թվում՝ Գործատուների հանրապետական միությունը: Այն մի հարթակ է, որտեղ գործատուներին հնարավորություն է ընձեռել ներկայացնել իրենց խնդիրները, մասնավորապես, ՄԿՈՒ կառավարման ռազմավարության, արդյունավետության, այդ թվում նաև պետպատվերի պլանավորման և քաղաքականության մշակման առումով»,- նշել է նա:

Վարչության պետն ընդգծել է, որ 2009 թվականից սկսած՝ ստեղծվել է շուրջ 190 մասնագիտական կրթական չափորոշիչ,  և չկա որևէ չափորոշիչ, որի մշակման աշխատանքներում Գործատուների միության առաջարկած թեկնածուն ներգրավված չլինի: 

 

«Եթե խոսում ենք գործատուի կողմից առաջադրվող պահանջների մասին, ապա նշեմ, որ մշակված չափորոշիչներում ամբողջությամբ ներկայացված են գործատուների կողմից սահմանված կարիքները և պահանջները:

Հետևաբար, ստեղծված են բոլոր հնարավորությունները՝ գործատուների պահանջները կրթական համակարգում ներկայացնելու և իրականացնելու համար, որի մասին, ի դեպ, պարոն Մակարյանը բազմիցս է բարձրաձայնել»,-նշել է Աղբալյանը:

 

Անդրադառնալով պետական պատվերի ձևավորման խնդրին` վարչության պետը պարզաբանել է, որ այն ձևավորվում է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում մարզպետարանների, ինչպես նաև գործարար հատվածը ներկայացնող կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա:

 

Աշխատաշուկայի կարիքների ուսումնասիրության վերաբերյալ մեր հարցին՝ վարչության պետը պատասխանել է. «Ես խիստ կասկածներ ունեմ, որ այս միությունն ամբողջական. նույնիսկ ընտրանքային  հետազոտություն գործատուների շրջանում իրականացրել է: Ինքը` պարոն Մակարյանն էլ մի քանի հարցազրույցներում անդրադարձ է կատարել աշխատաշուկայի ուսումնասիրության խնդրին, նշելով որ նման հետազոտություն չկա»:

Գագիկ Մակարյանը մեղադրել էր ԿԳՆ-ին հումանիտար մասնագիտությունների վրա պետության միջոցները անիմաստ վատնելու հարցում: Այս առումով Ա. Աղբալյանը նշել է, որ հումանիտար մասնագիտությունների պետական պատվերը տարեցտարի նվազում է և այս մասին գործատուների միության նախագահը տեղյակ է. «Յուրաքանչյուր տարի այդ թիվը նվազեցրել ենք շուրջ 300-ով և ավելացրել տեխնիկական մասնագիտությունների գծով, ինչպես նաև այն ուղղություններով, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության գերակայություններում՝ գյուղատնտեսություն, ՏՏ, տուրիզմ, սպասարկման ոլորտ և այլն»:

 

Աղբալյանի խոսքով` 2017 թվականին պետական պատվերը բոլոր մասնագիտությունների համար շատ է եղել` պայմանավորված  պարտադիր 12 ամյա կրթության անցնելու հանգամանքով, որը վերաբերում է ոչ միայն ավագ դպրոցներին, այլ նաև ուսումնարաններին և քոլեջներին:

Ինչ վերաբերում է նրան, թե նախարարությունը հույսը դնում է միայն միջազգային դոնորների վրա` Արտակ Աղբալյանը նշել է. «Միջին մասնագիտական ոլորտում չկա որևէ վարկային ծրագիր, բոլոր դոնորների ծրագրերը դրամաշնորհային են: Այո, իսկապես բավականին օժանդակություն ունենք դոնորների կողմից թե բովանդակային, թե նյութատեխնիկական բազայի տրամադրման առումով: Իմ կարծիքով դա գովելի է և ոչ թե քննադատության արժանի իրողություն»: 

 

Վարչության պետի կարծիքով`  «Գագիկ Մակարյանի կանխակալ մոտեցումը դոնորների հարցում թերևս պայմանավորված է որոշ դոնոր կազմակերպությունների շրջանում իր միության նկատմամբ վստահության պակասով»:

Իսկ ինչ վերաբերում է  Գ.Մակարյանի այն քննադատությանը, թե կրթության համակարգը խոչընդոտում է ներդրումների ներգրավմանը, ապա ԿԳՆ պաշտոնյան հակադարձել է. «Եթե կա որևէ լուրջ միջազգային հետազոտություն, որում կրթության համակարգը երբևէ դիտվել է ներդրումային խոչընդոտ կխնդրեի մատնացույց անել: Թերևս հակառակը, բազմաթիվ միջազգային հետազոտություններում նշվում է, որ Հայաստանի ներդրումային գրավչության հիմնական առավելություններից մեկը համեմատաբար մատչելի և որակյալ աշխատուժն է, որը կրթական համակարգի արդյունքներից է»:

 

Իսկ ԿԳ նախարարի հրաժարականի կոչը Արտակ Աղբալյանը  գնահատել է քաղաքական և ոչ թե պրոֆեսիոնալ, ինչը մեկնաբանել չի ցանկացել: