Apple-ը թույլ կտա օգտատերերին անջատել հին iPhone-ների աշխատանքի դանդաղեցման գործառույթը

20:00 • 24.01.18

Ամերիկյան Apple ընկերությունը գարնանը կթողարկի իր iOS օպերացիոն համակարգի նորացված տարբերակը, որը թույլ կտա օգտատերերին անջատել iPhone-ի աշխատանքի դանդաղեցման գործառույթը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ամերիկյան տեխնոլոգիական հսկան:

«Այժմ օգտատերերը կկարողանան տեսնել՝ արդյոք միացված է տվյալ գործառույթը, թե ոչ և կկարողանան անջատել այն», -ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերին ընկերությունը հայտարարել էր հատուկ գործառույթի մասին, որը դանդաղեցնում է iPhone 6, iPhone 6s և iPhone SE սմարթֆոնների պրոցեսորների աշխատանքը մարտկոցների և գաջեթների աշխատունակության ժամկետը երկարաձգելու համար:

Հիշեցնենք, որ աշխատանքի դանդաղեցման մասին լուրը դժգոհություն է առաջացրել սպառողների շրջանում: ԱՄՆ-ում, Իսրայելում և Ռուսաստանում դատական հայցեր են ներկայացվել Apple-ի դեմ:

Նշենք, որ հայցվորների շարքում է եղել նաև հայազգի Վիոլետա Մաիլյանը, որն ընկերությունից մոտ 1 տրլն (999,999,999,000) դոլար փոխհատուցում է պահանջում:

 

Apple-ը թույլ կտա օգտատերերին անջատել հին iPhone-ների աշխատանքի դանդաղեցման գործառույթը