Ռոման Աբրամովիչը 30 մլն դոլար է նվիրաբերել Իսրայելում նանոտեխնոլոգիաների կենտրոնի կառուցման համար
Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Ռոման Աբրամովիչը դեռ 2015 թվականին 30 միլիոն դոլար է նվիրաբերել Թել Ավիվի համալսարանին՝ նանոտեխնոլոգիաների կենտրոնի նոր շենքի կառուցման համար, սակայն նվիրաբերողի անունը բացահայտվել է այժմ:
The Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ Թել Ավիվի համալսարանին կից նանոտեխնոլոգիաների կենտրոնը ստեղծվել է 2000 թվականին: Այն համագործակցում է ամբողջ աշխարհում գիտության և արդյունաբերության ոլորտներում աշխատող հետազոտող-գիտնականների ավելի քան 90 խմբի հետ:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ Աբրամովիչի նվիրաբերած գումարով մինչև 2020 թվականը կկառուցվի Թել Ավիվի համալսարանին կից կենտրոնի ժամանակակից շենքը:
Նշվում է, որ աշխատանքի ծավալի մեծացման և կենտրոնի՝ միջազգային համագործակցության աճի արդյունքում առաջացել է ավելի ժամանակակից շենք կառուցելու անհրաժեշտություն, ինչը և հնարավոր է դարձել Աբրամովիչի նվիրատվության շնորհիվ:
Նոր շենքի կառուցման համար նախագծերի մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել է ավելի քան 120 դիզայներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Չիլիից, Շվեյցարիայից, Իսպանիայից և Ֆրանսիայից: 2016 թվականի մայիսին կազմակերպիչներն ամփոփել են արդյունքները և հաղորդել, որ հաղթել է ֆրանսիացի ճարտարապետ Միշել Ռեմոնի նախագիծը, որում հատուկ ուշադրություն է դարձվել շենքի ներսում լույսի և ջերմաստիճանի հավասարակշռությանը:
Յոթ հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով եռահարկ շենքում տեղակայված կլինեն ժամանակակից լաբորատորիաներ, Գերտների անվան բժշկական նանոհամակարգերի ինստիտուտի և Առողջ բիոտեխնոլոգիաների կենտրոնի ստորաբաժանումները:
Կենտրոնում կաշխատի 120 հետազոտող և ինժեներ: Շենքի շինարարությունը կմեկնարկի 2018 թվականին:










