Ջորջ Սորոսը Facebook-ն ու Google-ը սպառնալիք է անվանել հասարակության համար

10:31 • 26.01.18

Facebook և Google ընկերությունները վտանգ են ներկայացնում հասարակության համար, հայտարարել է միլիարդատեր Ջորջ Սորոսը` ելույթ ունենալով Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովում: Այդ մասին հայտնում է Business Insider-ը:


«Նրանք դիտավորյալ կերպով կախվածություն են ներդնում իրենց ծառայությունների մեջ: Դա կարող է շատ վնասակար լինել, հատկապես՝ երիտասարդության համար: Նմանություն կա ինտերնետային հարթակների և ազարտային խաղերի միջև: Խաղատունը մշակել է միջոցներ խաղացողներից բոլոր գումարները վերցնելու համար, անգամ այն գումարները, որոնք նրանք չունեն»,- հայտարարել է գործարարը:


Միլիարդատերը նշել է, որ «սոցիալական մեդիա ընկերություններն ազդում են նրա վրա, թե ինչպես են մարդիկ մտածում և վարվում, և մարդիկ այդ մասին չեն էլ կռահում»: Նա հավելել է, որ այդ ընկերությունները հեռահար բացասական հետևանքներ ունեն ժողովրդավարության վրա, մասնավորապես՝ ընտրությունների:


Բացի այդ, նրա կարծիքով, Facebook-ը և Google-ը «մենաշնորհներ» են դառնում և սպառնում են «մտքի ազատությանը»:


«Սոցցանցերը ստիպում են մարդկանց հրաժարվել ինքնավարությունից, իսկ մարդկանց ուշադրությունը ձևավորող ուժն է՛լ ավելի է կենտրոնանում ընկերությունների փոքր թվի ձեռքում»,- նշել է Սորոսը:

Ջորջ Սորոսը Facebook-ն ու Google-ը սպառնալիք է անվանել հասարակության համար