Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում ՄՌՏ սքաները «կուլ է տվել» տղամարդուն ու դարձել նրա մահվան պատճառ
Հնդկաստանի Մումբայ քաղաքի հիվանդանոցներից մեկում բարեկամին հիվանդատես եկած տղամարդը մահացել է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի պատճառով, հայտնում է The Guardian-ը:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ երբ 32-ամյա Ռաջեշ Մարուն թթվածնային մետաղական բալոնը ձեռքում մտել է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտման սենյակ, ՄՌՏ սքաները նրան «կուլ է տվել»:
Նշվում է, որ սարքի հզոր մագնիսական դաշտի պատճառով, սքաները նրան անմիջապես ներս է քաշել: Բժիշկները շտապել են սարքն անջատել ու դուրս բերել տղամարդուն, որը րոպեներ անց մահացել է ստացած վնասվածքներից:
Մումբայի ոստիկանության խոսնակի փոխանցմամբ՝ միջադեպի առնչությամբ ձերբակալվել են բժիշկն ու բուժանձնակազմի որոշ անդամներ, որոնք մեղադրվում են անտարբեր վերաբերմունքի համար:
Մահացածի քեռին պատմել է, որ Մարուն նախքան սենյակ մտնելը բժիշկներից մեկից հարցրել էր՝ կարող է ներս գնալ թթվածնային բալոնը ձեռքում: Բժիշկը նրան վստահեցրել է, որ սքաներն անջատված է:
Հայտնի է, որ իշխանությունները մոտ 8.000 դոլարի փոխհատուցում են տրամադրել մահացածի ընտանիքին:










