Ներկայացվել է Nokia 3310-ի թարմացված տարբերակը
Ֆիննական HMD Global ընկերությունը թողարկել է Nokia 3310 կոճակներով հեռախոսի թարմացված տարբերակը, որը ներկայացվել է Չինաստանում:
Ինչպես հաղորդում է GizmoChina բլոգը, 2017 թվականի մոդելի համեմատ՝ հեռախոսի այս տարբերակի կորպուսն ավելի մեծ է: Սարքն աշխատում է 4G VoLTE ցանցերում։
Նշվում է, որ թարմացված Nokia-ն համալրված է 320 х 240 պիքսել լուծաչափով 2.4 դյույմանոց դիսփլեյով, ունի microSIM-ի և microSD հիշողության քարտի համար տեղ:
Աղբյուրը մանրամասնում է, որ հեռախոսը համալրված է microUSB ինտերֆեյսերով, 3.5 միլիմետրանոց աուդիոջեքով և Bluetooth 4.0-ով: Սարքում առկա է 2 մեգապիքսել լուծաչափով տեսախցիկ:
Սկզբնական շրջանում հեռախոսը հնարավոր կլինի ձեռք բերել միայն Չինաստանում: Սարքի մասին տեղեկությունները հասանելի են Nokia-ի չինական կայքում, սակայն գինը դեռ չի նշվում:
Հայտնի է, որ Nokia 3310-ը թողարկվել է 2000 թվականի վերջին, և այդ պահից վաճառվել է ավելի քան 126 մլն նմուշ:










