Բրիտանացի նախարարը հեռախոսային հավելված է ստեղծել իր մասին

17:41 • 01.02.18

Թվային տեխնոլոգիաների, մշակույթի, սպորտի և ԶԼՄ-ների հարցերով նախարար Մեթ Հենքոքը դարձել է առաջին բրիտանացի խորհրդարանականը, որը հեռախոսային հավելված է ստեղծել իր մասին:

The Guardian-ի հաղորդմամբ՝ «Պատգամավոր Մեթ Հենքոք» կոչվող հավելվածը (Matt Hancock MP) թույլ է տալիս տեսնել խորհրդարանականի հաղորդագրությունները, դիմել նրան հարցերով ու խնդրանքներով, ինչպես նաև՝ շփվել մյուս օգտատերերի հետ:

Նշվում է, որ հավելվածը ներբեռնելուց հետո օգտատերերին տեսաուղերձով ողջունում է անձամբ Հենքոքը:

«Ողջույն, ես Մեթ Հենքոքն եմ, բարի գալուստ իմ հավելված: Այն հնարավորություն է տալիս տեսնել՝ ինչ եմ ես անում որպես խորհրդարանական Արևմտյան Սաֆոլքից ու որպես մշակույթի նախարար: Իսկ ամենակարևորը՝ այն հնարավորություն է տալիս ձեզ ասել ինձ՝ ինչ եք կարծում, և ձեզ համար կարևոր այլ հարցեր քննարկել», - ասել է Հենքոքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր հավելվածի միջոցով հնարավոր է նաև ծանոթանալ Հենքոքի հոդվածների հետ, լսել նրա հանրային ելույթները և նայել լուսանկարները:

Նշվում է, որ Հենքոքը նախարար է դարձել հունվարի ութին՝ այս պաշտոնում փոխարինելով Կարեն Բրեդլիին, որը զբաղեցրել է Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարարի պաշտոնը:

Բրիտանացի նախարարը հեռախոսային հավելված է ստեղծել իր մասին