Facebook-ը 2017թ. վերջին եռամսյակում արձանագրել է 4.2 մլրդ դոլարի շահույթ

11:29 • 01.02.18

Ամերիկյան Facebook ընկերության շահույթը բջջային օգտատերերի թվի ավելացման շնորհիվ արձանագրել է 61%-ի աճ, ինչի մասին տեղեկացրել է ընկերության համահիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը:

Ինչպես նշում է The Guardian-ը, 2017թ. վերջին եռամսյակում ընկերությունն ունեցել է 4.2 մլրդ դոլարի շահույթ, 12.7 մլրդ դոլարի եկամուտ, մինչդեռ օպերացիոն շահույթը կազմել է 7.35 մլրդ դոլար:

Միևնույն ժամանակ, երիտասարդ միլիարդատերն ընդգծել է, որ 2017 թվականն ընկերության համար ամենադժվար տարիներից էր:

«2017թ. Facebook-ի համար լավ տարի էր, բայց միևնույն ժամանակ ամենադժվարներից էր: 2018թ. մենք կենտրոնանալու ենք Facebook-ը ոչ միայն ժամանցի վայր, այլև մարդկանց և հանրության բարեկեցությանը նպաստող հարթակ դարձնելու ուղղությամբ: Մենք կարևորում ենք մարդկանց միջև իմաստավոր կապը, այլ ոչ թե կոնտենտի պասիվ ընկալումը»,-ընդգծել է Ցուկերբերգը:

Նա նաև խոստացել է վերացնել սոցկայքի հետ կապված թերությունները, որոնք վերաբերում են գրաքննությանը, սոցմեդիայի՝ կախվածություն առաջացնող հատկությանը, ինչպես նաև 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ռուսական քարոզչության համար ակտիվ հարթակ լինելու վերաբերյալ կասկածներին:

Հայտնի է, որ Facebook-ն ունի 2.13 մլրդ ամսական ակտիվ և 1.4 մլրդ օրական ակտիվ օգտատեր: