Քաղցկեղի բազմաթիվ տեսակների դեմ ստեղծված պատվաստանյութը կփորձարկվի մարդկանց վրա
Քաղցկեղի բազմաթիվ տեսակների դեմ ստեղծված պատվաստանյութը մտցվել է մարդկային փորձարկումների փուլ, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ հեղափոխական պատվաստանյութը ստեղծվել է Սթենֆորդի համալսարանի գիտական թիմի կողմից:
Մասնագետների համաձայն՝ պատվաստանյութի ընդամենը մի ներարկումը թույլ է տալիս պայքարել քաղցկեղային բոլոր ուռուցքների դեմ՝ կանխելով հիվանդի մարմնում դրանց տարածումը: Մի ներարկումը հնարավորություն է տալիս իմունային համակարգին ակտիվանալ ու պայքարել հիվանդության դեմ:
Հայտնի է, որ նախքան այս, պատվաստանյութը բարեհաջող փորձարկվել է մկների վրա: Այժմ գիտական թիմի անդամները ցանկանում են անցնել կլինիկական փորձարկումների ու այն փորձարկել լիմֆոմայով (լիմֆատիկ հանգույցների և լիմֆոցիտների ուռուցքային ախտահարում) հիվանդների վրա:
Ուռուցքաբանության պրոֆեսոր Ռոնալդ Լևին ընդգծել է, որ նոր պատվաստման առանձնահատկությունն այն է, որ դեղամիջոցը ներարկվում է անմիջապես ուռուցքի մեջ՝ ակտիվացնելով իմունային համակարգն ու ստիպելով դրան «հարձակվել» քաղցկեղային բջիջների վրա:
«Սա թիրախավորված մոտեցում է»,-շեշտել է Լևին, որի կարծիքով՝ կլինիկական փորձարկումների հաջողության դեպքում պատվաստանյութն ապագայում բազմաթիվ մարդկանց կարող է օգնել:










