Audi-ի գլխավոր գրասենյակում ու գործարաններից մեկում խուզարկություն է անցկացվում «դիզելային սկանդալի» ֆոնին

15:21 • 06.02.18

Այսօր առավոտյան ժամը 7:00-ից Մյունխենի դատախազությունը խուզարկություն է անցկացնում Բավարիա երկրամասի Ինգոլշտադտ քաղաքում գտնվող Audi մեքենաշինական ընկերության գլխավոր գրասենյակում և Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Նեքարսուլմ քաղաքում գտնվող գործարանում:

Süddeutsche Zeitung-ի հաղորդմամբ՝ պատճառը «դիզելային սկանդալի» հետ կապված գործի հետաքննությունն է: Ընդհանուր առմամբ, գործողություններին մասնակցում է Բավարիայի ու Բադեն-Վյուրթեմբերգի դատախազության 18 աշխատակից, ինչպես նաև՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները:

Սկանդալի պատճառն այն է, որ Volkswagen կոնցեռնը, որի ստորաբաժանումն է Audi-ն, համալրել է դիզելային ավտոմեքենաները ծրագրային ապահովմամբ, որոնք նվազեցրել են վնասակար նյութերի արտանետումների ցուցիչները:

Հայտնի է, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի շուկաներում տարածվել է այս ծրագրային ապահովմամբ ավելի քան 200 հազար ավտոմեքենա: