Իսրայելում մեկնարկում է Մարսի վրա կյանքի իմիտացիայի և գիտական առաքելության աշխատանքի փորձարկումը

13:56 • 06.02.18

Փետրվարի կեսին Իսրայելի հարավում՝ Նեգև անապատում, կմեկնարկի Մարսի վրա կյանքի իմիտացիայի և գիտական առաքելության աշխատանքի՝ փորձարարական կայանի գործունեությունը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ անապատի սրտում գտնվող Միցպե Ռամոն խառնարանում արդեն կառուցվել է համապատասխան շինությունը՝ Մարսի մակերևույթին D-Mars կայանի սիմուլյատոր-մակետը:

D-Mars-ի կայքում նշվում է, որ առաջին արշավն այնտեղ կմեկնարկի փետրվարի 15-18-ը: Այն կազմակերպվել է ավստրիական Austrian Space Forum ընկերության հետ համագործակցությամբ:

«Փորձարկման մասնակիցները կմեկուսացվեն արտաքին աշխարհից ու կկարողանան դուրս գալ միայն սկաֆանդրներով: Կայանում նույնիսկ կնմանակվեն ժամանակահատվածները, երբ Երկրի և Մարսի միջև հայտնվում է Արեգակը, և  երկրային բազայի հետ կապը խախտվում է»,- հաղորդել է Իսրայելի 9-րդ ալիքը:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ փորձարարական առաքելությանը մասնակցում է վեց հետազոտող, իսկ կայանի մակերեսը 50 քմ է:

D-Mars-ի կազմակերպիչների խոսքով՝ նախագծի նպատակը «տիեզերական հետազոտություններում Իսրայելի համար առաջնային տեղ ապահովելն է»:

Իսրայելում մեկնարկում է Մարսի վրա կյանքի իմիտացիայի և գիտական առաքելության աշխատանքի փորձարկումը