Չինաստանում անցկացվել է աշխարհում առաջին ուղևորատար անօդաչուի բարեհաջող փորձարկումը

12:45 • 07.02.18

Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում անցկացվել է աշխարհում առաջին ուղևորատար անօդաչուի (EHang 184) բարեհաջող փորձարկումը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:


Նշվում է, որ այս փոխադրամիջոցի ուղևորը չպետք է անհանգստանա, որ մենակ է գտնվելու խցիկում, տեղաշարժվելու համար նա ստիպված չի լինի ղեկավարել թռիչքը. նա պետք է ընդամենը նստի բազկաթոռին ու ամրացնի անվտանգության գոտին:


Ինչպես հեռուստաալիքի եթերում պատմել է EHang մշակող ընկերության ղեկավարը, «այժմ դեռ հնարավոր չէ հասնել ավանդական թռչող սարքերով ամբողջությամբ ինքնավար թռիչքների, ահա թե ինչու այս դրոններն առօրյայում օգտագործելուն դեռ շատ ժամանակ կա»:


«Սարքն աշխատում է էլեկտրական մարտկոցներով և միաժամանակ այն կարող է տեղափոխել մի մարդու, որի քաշն առավելագույնը 100 կիլոգրամ է: Դրոնը կարող է առանց վերալիցքավորման թռչել 25 րոպե՝ մինչև հինգ հարյուր մետր բարձրության վրա ու 100 կմ/ժ արագությամբ», - նշել է մշակողը:


Ընկերության ներկայացուցիչների հաղորդմամբ՝ ուղևորատար անօդաչուն հազարավոր փորձարկումներ է անցել, սակայն ուղևորի ամբողջական անվտանգության ապահովումը մինչ օրս մնում է ամենակարևոր կետերից ու անհանգստության պատճառներից մեկը մշակողների համար:


Նշվում է, որ ապարատը համալրված է հատուկ համակարգով, որը պահպանում է դրա աշխատունակությունն առանձին տարրերի անսարք դառնալու դեպքում, ընդ որում՝ ուղևորը կարող է կանգնեցնել դրոնը և մնալ օդում այնտեղ, որտեղ նրան պետք է:

Չինաստանում անցկացվել է աշխարհում առաջին ուղևորատար անօդաչուի բարեհաջող փորձարկումը