Թրամփն Իլոն Մասկին շնորհավորել է աշխարհի ամենահզոր հրթիռի բարեհաջող արձակման կապակցությամբ (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արևելյան ափից արձակվել է աշխարհի ամենահզոր նոր հրթիռը՝ միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության Falcon Heavy-ն:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում շնորհավորել է Մասկին:
«Շնորհավորում եմ Իլոն Մասկին և SpaceX-ին Falcon Heavy հրթիռի բարեհաջող արձակման կապակցությամբ: ՆԱՍԱ-ի՝ առևտրային և միջազգային գործընկերների հետ համատեղ ձեռք բերված այս նվաճումը շարունակում է ցույց տալ ամերիկացիների գյուտարար լինելը»,-գրել է 71-ամյա ղեկավարը:
Պարբերականը նկատում է, որ Falcon Heavy-ի բարեհաջող արձակմամբ ԱՄՆ-ի համար ավիատիեզերական ոլորտում միանգամայն նոր փուլ է սկսվում:
Աշխարհի ամենահզոր հրթիռը հնարավորություն կտա ամերիկացիներին գերծանր բեռներ հասցնել տիեզերք՝ հրթիռի՝ բազմակի օգտագործման համար նախատեսված առաջին աստիճաններն ապահով վերադարձնելով Երկիր:
Նշվում է, որ Falcon Heavy-ի արձակման դիտարժան պահին հետևել է կես միլիոն մարդ, որոնք դուրս են եկել Ֆլորիդայի առափնյա հատված:
Հայտնի է, որ գերծանր հրթիռը կրել է Իլոն Մասկի Tesla Roadster էլեկտրական մեքենան, որը պետք է մինչև Մարս հասնի:











Tesla Roadster-ի թռիչքի անիմացիոն տեսանյութը










