Apple Watch-ն ախտորոշում է շաքարային դիաբետը 85 տոկոս ճշգրտությամբ. Cult of Mac

15:34 • 08.02.18

Apple կորպորացիայի մշակած Apple Watch «խելացի» ժամացույցը նեյրոցանցերի միջոցով «սովորել» է բավական ճշգրիտ կերպով ախտորոշել վաղ փուլերում շաքարային դիաբետը՝ հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Cult of Mac-ը:

Համաձայն Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների անցկացրած նոր հետազոտության՝ «խելացի» ժամացույցը մինչև 85 տոկոս ճշգրտությամբ գիտափորձի մասնակիցների մոտ ախտորոշել է շաքարային դիաբետ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մասնագետներն ուսումնասիրել են Apple Watch-ի 14 հազար օգտատերերի արդյունքներն ու նկատել, որ սարքն ախտորոշել է հիվանդությունը 462 մարդու մոտ: Գիտնականները վերստուգել են տվյալները և պարզել, որ ժամացույցը բավական ճշգրիտ է ախտորոշել:

Նշվում է, որ «խելացի» սարքը կարող է ախտորոշել շաքարային դիաբետը կարդիոսենսորի ու նեյրոցանցերի միջոցով, որոնք վերլուծում են զարկերակային անոթազարկի չափման արդյունքները:

Բժիշկների կարծիքով՝ հիվանդության դեմ կարելի է պայքարել՝ այն վաղ փուլերում ախտորոշելու դեպքում: Վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ի ավելի քան հարյուր միլիոն բնակիչ տառապում է շաքարային դիաբետի տարբեր տիպերից:

Apple Watch-ն ախտորոշում է շաքարային դիաբետը 85 տոկոս ճշգրտությամբ. Cult of Mac