Իլոն Մասկը ցուցադրել է դեպի Մարս արձակված 100.000 դոլարանոց Tesla-ի վերջին լուսանկարը
Ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը սոցկայքերում հրապարակել է փետրվարի 7-ին Falcon Heavy գերծանր հրթիռի միջոցով տիեզերք արձակված Tesla էլեկտրական մեքենայի վերջին լուսանկարը:
«Սթարմենի ռոդսթերով վերջին լուսանկարը՝ դեպի Մարսի ուղեծիր ու Աստերոիդների գոտի ճանապարհին»,-լուսանկարը մակագրել է միլիարդատերը:
Հայտնի է, որ 100.000 դոլար արժողությամբ կարմիր ռոդսթերի ղեկին գտնվում է տիեզերագնացի հանդերձով մանեկենը, որին Մասկը կոչել է Սթարմեն: Հետաքրքրական է, որ դեպի Մարս ուղարկված մեքենայի միկրոսխեմաներից մեկի վրա գրված է, որ «այն պատրաստվել է մարդկանց կողմից՝ Երկիր մոլորակի վրա»:
The Guardian-ը հավելում է, որ էլեկտրական մեքենան շեղվել է սկզբնական ճանապարհից ու այժմ Մարսի ուղեծրի փոխարեն շարժվում է դեպի Աստերոիդների գոտի: Նշվում է, որ դրանից տևական ժամանակ կպահանջվի այնտեղ հասնելու համար: Հայտնի է, որ Աստերոիդների գոտին Արեգակնային համակարգի շրջան է, որը գտնվում է Մարսի և Յուպիտերի ուղեծիրների միջև ու հանդիսանում է տարբեր չափերի մարմինների խմբավորում։
Մասնագետների կարծիքով՝ այդտեղ հասնելուց հետո Tesla-ն կարող է բախվել որևէ երկնային մարմնի ու ոչնչանալ: Մինչդեռ մյուսների համոզմամբ՝ մեքենան չի էլ հասցնի Աստերոիդների գոտի հասնել, քանի որ նախքան այդ կքայքայվի տիեզերական ճառագայթման հետևանքով:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արևելյան ափից արձակվել է աշխարհի ամենահզոր նոր հրթիռը՝ Իլոն Մասկի SpaceX ընկերության Falcon Heavy-ն: Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում շնորհավորել էր Մասկին:
Պարբերականը նկատում է, որ Falcon Heavy-ի բարեհաջող արձակմամբ ԱՄՆ-ի համար ավիատիեզերական ոլորտում միանգամայն նոր փուլ է սկսվում:
Նշվում է, որ Falcon Heavy-ի արձակման դիտարժան պահին հետևել է կես միլիոն մարդ, որոնք դուրս են եկել Ֆլորիդայի առափնյա հատված:












