Թունավոր «գեղեցկուհիներ». Ավստրալիայի լողափերից մեկը պատվել է երկնագույն վիշապ կոչվող փափկամարմիններով (լուսանկարներ)

14:45 • 09.02.18

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի հյուսիսային լողափերից մեկում ծովային արարածներ են հայտնվել, որոնք անմիջապես գրավել են հանգստացողների ուշադրությունը:

The Daily Mail-ը գրում է, որ խոսքը երկնագույն վիշապ կոչվող փափկամարմինների մասին է (Glaucus atlanticus), որոնց ծովի ալիքները բերել են լողափ:

Մասնագետների խոսքով՝ չնայած իրենց գեղեցկությանը, անսովոր տեսքով այս կենդանիները կարող են նույնքան վնասակար լինել առողջության համար, որքան, օրինակ, ֆիզալիա կամ պորտուգալական նավակ կոչվող թունավոր փափկամարմինները:

Ականատեսները պատմել են, որ երկնագույն վիշապներով ողողված լողափը հեքիաթային տեսարան է հիշեցրել, իսկ արտասովոր կենդանիները նման էին ֆանտաստիկ ֆիլմի հերոսների:

Ինչպես նշել է Ավստրալիայի թանգարանի աշխատակից Մելիսա Մյուրեյը, երկնագույն վիշապներն ամեն տարի հայտնվում են Սիդնեյի լողափերում, սակայն սատկում են ցամաքում հայտնվելուն պես:

«Երկնագույն վիշապները շոշափուկներ ունեն, ու եթե որևէ կենդանի փորձում է ուտել նրանց, նրանք օգտագործում են շոշափուկները որպես պաշտպանական մեխանիզմ», - ասել է նա՝ խորհուրդ տալով զերծ մնալ այս փափկամարմիններին դիպչելուց:

 

 

Թունավոր «գեղեցկուհիներ». Ավստրալիայի լողափերից մեկը պատվել է երկնագույն վիշապ կոչվող փափկամարմիններով (լուսանկարներ)