Samsung-ի «օլիմպիական» սմարթֆոնները կբաժանվեն բոլորին՝ բացի իրանցի ու հյուսիսկորեացի մարզիկներից

14:37 • 09.02.18

Իրանը կանչել է Հարավային Կորեայի դեսպանին, երբ պարզվել է, որ Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող իրանցի մարզիկները չեն ստանա Samsung ընկերության կողմից հատուկ Օլիմպիադայի կապակցությամբ պատրաստված թեմատիկ սմարթֆոններ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեռախոսները տրվելու են խաղերի բոլոր մասնակիցներին՝ առանց բացառության:

Al Arabiya-ն մանրամասնում է, որ, ընդհանուր առմամբ, պետք է բաժանվի 4.000 հատ 1.100 դոլարանոց սմարթֆոն: Սակայն Իրանի և Հյուսիսային Կորեայի մարզիկները չեն ստանա թանկարժեք հեռախոսները՝ այդ երկրների նկատմամբ գործող միջազգային պատժամիջոցների պատճառով:

Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին, անդրադառնալով տհաճ միջադեպին, ասել է, որ Հարավային Կորեայի դեսպանը կանչվել է գերատեսչություն ու տեղեկացվել, որ եթե Samsung-ը հրապարակայնորեն ներողություն չխնդրի անխոհեմ որոշման համար, ապա ընկերության առևտրային հարաբերություններն Իրանի հետ լուրջ կտուժեն:

Մինչդեռ Samsung-ն իր հերթին ասել է, որ կապ չունի կատարվածի հետ, քանի որ հեռախոսների բաժանմամբ զբաղվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն:

Samsung-ի «օլիմպիական» սմարթֆոնները կբաժանվեն բոլորին՝ բացի իրանցի ու հյուսիսկորեացի մարզիկներից