Տեղի է ունեցել Apple-ի պատմության խոշորագույն արտահոսքը. iBoot ծրագրի սկզբնական ծածկագիրը հրապարակվել է համացանցում
Անանուն օգտատերը համացանցում հրապարակել է Apple-ի iOS օպերացիոն համակարգի հիմքով գործող սարքերի համար առանցքային նշանակություն ունեցող iBoot ծրագրի սկզբնական ծածկագիրը, հայտնում է The Daily Mail-ը:
iBoot ներբեռնիչի ծածկագիրը հրապարակվել է GitHub կայքում՝ հնարավորություն տալով հաքերներին կոտրել միլիոնավոր iPhone սմարթֆոններ:
«Սա պատմության մեջ արտահոսքի խոշորագույն դեպքն է»,- հայտնել է Mac OS X և iOS օպերացիոն համակարգերի գծով մասնագետ Ջոնաթան Լևինը:
Միջադեպից որոշ ժամանակ անց Apple-ը դիմել է GitHub կայքին՝ պահանջելով ջնջել ծածկագիրը, քանի որ այն հանդիսանում է ընկերության սեփականությունն ու հեղինակային իրավունքով է պաշտպանված: Արդյունքում կայքը ստիպված է եղել ջնջել ծածկագիրը:










