Ամերիկյան ամսագրերից մեկի շապիկին հայտնվել է «ծեծված» Ցուկերբերգի նկարը (լուսանկար)
Ամերիկյան Wired ամսագրի շապիկին հայտնվել է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի՝ ծեծված դեմքով նկարը: Ամսագրի կայքում ասվում է, որ համարը նվիրված է սոցցանցի ձախողումներին ու անհաջողություններին:
Նկարազարդման հեղինակ Ջեյք Ռոուլանդի խոսքով՝ ինքը ստեղծել է ծեծված Ցուկերբերգի կերպարը մի քանի լուսանկարի հիման վրա:
«Wired-ը ծեծված ու մարտերում հոշոտված Ցուկերբերգի դիմանկար էր ցանկանում. միակ խնդիրն այն էր, որ նա չէր պատրաստվում լուսանկարվել դրա համար», - ասել է Ռոուլանդը:
Նկարչի խոսքով՝ ինքը վերցրել է Ցուկերբերգի լուսանկարն ու համադրել այն կապտուկներով մոդելների երեք լուսանկարի հետ:
Ամսագրի այս համարի գլխավոր հոդվածը ներկայացնում է խնդիրների շարքը, որոնց Facebook-ը բախվել է վերջին մի քանի տարվա ընթացքում: Խոսքը կեղծ լուրերի դեմ պայքարի ու ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության մեղադրանքների մասին է:











