Մոտ 1 մլրդ մարդ WhatsApp-ի միջոցով օրական 55 մլրդ հաղորդագրություն է ուղարկում

13:08 • 13.02.18

Տեքստային և ձայնային ծառայությունների փոխանակման WhatsApp ծառայության ակտիվ օգտատերերի թիվը մեկ ամսում հասել է 1.3 միլիարդի, ընդ որում՝ մոտ 1 մլրդ մարդ օրական մոտ 55 միլիարդ հաղորդագրություն է ուղարկում: Այս տեղեկություններով կիսվել է WhatsApp Inc. ընկերության բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Նիրաջ Արորան Դուբայում անցկացվող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի ժամանակ, որը նվիրված է արդյունավետ պետական կառավարման և կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին (World Government Summit), հաղորդում է ТАСС-ը:

Արորայի պնդմամբ՝ WhatsApp-ի միջոցով ուղարկվող տեքստային և ձայնային հաղորդագրությունները պաշտպանվում են վերջնակետային կոդավորման միջոցով (end-to-end)։

«WhatsApp-ի հաջողության հիմնական պատճառները դրա ապահովության ու պարզության մեջ են: Մեր մանտրան է՝ ո՛չ գովազդին, ո՛չ խաղերին, ո՛չ «շատ լավ աշխատում է մեզ համար» հնարքներին», - ասել է նա:

«Մեր առաջնահերթությունը մեր օգտատերերի օգուտի երաշխավորումն է, այդպես էլ զարգանում ենք: Մեզ համար կարևոր է WhatsApp-ի հասանելի լինելը: Մեր ծառայությունից օգտվում են ոչ միայն զարգացած, այլ նաև զարգացող երկրներում: Ցանկանում ենք համոզել մարդկանց, որ WhatsApp-ն օգտակար բան է, առօրյայի գլխավոր տարրը», - եզրափակել է ընկերության փոխնախագահը:

Մոտ 1 մլրդ մարդ WhatsApp-ի միջոցով օրական 55 մլրդ հաղորդագրություն է ուղարկում