Հնագետները Նիդեռլանդներում հայտնաբերել են մոր ու մանկան 6.000 տարվա գերեզման. The New York Post

16:45 • 15.02.18

Նիդեռլանդների հնագետները Նյուվեգեյն քաղաքի մերձակայքում արել են ուշագրավ հայտնագործություն՝ գտնելով մոր ու մանկան գերեզման, որն ունի 6.000 տարվա պատմություն, գրում է nypost.com-ը։

Հնագետների կարծիքով՝ մահվան ժամանակ երեխան մոտ կես տարեկան է եղել: Նրանք նման եզրահանգման են եկել կաթնային ատամներ պարունակող ծնոտի մի հատվածի ուսումնասիրման արդյունքում:

Նշվում է, որ սա մասնագետների կողմից մանկան ամենահին գերեզմանի պեղման առաջին դեպքն է:

Գերեզմանը գտնվել է 2մ խորության վրա: Սկզբում հնագետներն ուշադրություն են դարձրել 20-30 տարեկան կնոջ մնացորդներին, իսկ հետո նրանց ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ կնոջ ձեռքը կորացած է: Հետագա մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձեռքի հատվածում երեխայի ոսկրային մնացորդներ կան: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ մայրն իր գրկում քնեցրել է փոքրիկին:

Հայտնաբերված մնացորդների ԴՆԹ անալիզի անցկացման դեպքում հնարավոր կլինի պարզել երեխայի սեռը, նրանց տարիքը, նաև հաստատել նրանց արյունակցական կապը:

Հնագետները Նիդեռլանդներում հայտնաբերել են մոր ու մանկան 6.000 տարվա գերեզման. The New York Post