Տրանսգենդեր կինն առաջին անգամ կարողացել է կրծքով կերակրել նորածին երեխային

21:56 • 15.02.18

ԱՄՆ-ում տրանսգենդեր կինն առաջին անգամ կրծքով կերակրել է երեխային հորմոնալ թերապիայի շնորհիվ: Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ արտասովոր դեպքի մասին գրել է Transgender Health ամսագիրը:

30-ամյա տրանսգենդեր կինը դիմել է ամերիկյան հիվանդանոցներից մեկը. նրա զուգընկերուհին հղի է եղել, սակայն մտադրություն չի ունեցել երեխային կրծքով կերակրել: Այդ պատճառով կինն ինքն է ցանկացել դա անել:

Դիմելու պահին նա արդեն վեց տարի հորմոնալ դեղամիջոցներ էր ընդունել, սակայն դեռևս սեռափոխման վիրահատություն չէր արել: Կրծքով կերակրելու գործընթացը խթանող դեղամիջոցների օգնությամբ մեկ ամիս անց բժիշկներին հաջողվել է հասնել կաթի ոչ մեծ քանակի արտադրության: Մի քանի ամիս անց ծավալը կազմել է օրական 240 մլ:

Առաջիկա վեց շաբաթվա ընթացքում կինը հաջողությամբ կերակրել է նորածին դստերը, սակայն հետագայում կաթն անբավարար էր լինում և անհրաժեշտ էր արհեստական կաթնախառնուրդ օգտագործել: 

Լակտացիան խթանող հորմոնալ թերապիան խորհուրդ է տրվում այն կանանց, որոնք խնդիրներ ունեն կաթի քանակի հետ, նորածին երեխաների են որդեգրում կամ օգտվում են փոխնակ մոր ծառայությունից, սակայն այն առաջին անգամ է կիրառվել տրանսգենդեր կնոջ պարագայում:

 

 

Տրանսգենդեր կինն առաջին անգամ կարողացել է կրծքով կերակրել նորածին երեխային