Ամերիկացի կենսաբաններն առաջին անգամ մարդու և ոչխարի հիբրիդային սաղմ են ստեղծել

20:55 • 19.02.18

Կալիֆոռնիացի կենսաբաններն առաջին անգամ քիմերային սաղմեր են աճեցրել, որոնցում առկա են և՛ մարդու, և՛ ոչխարի բջիջներ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Օսթինում ելույթ ունենալով Ամերիկյան գիտական միության համաժողովում՝ գիտնականները նշել են, որ այս քայլն իրենց մոտեցնում է կենդանիների ներսում մարդկային լիարժեք օրգաններ աճեցնելուն:

«Մարդկային բջիջների քանակն այդ սաղմում չափազանց քիչ է, և այն չի վերածվի մարդկային դեմքով կամ ուղեղով ինչ-որ կենդանու: Միջինում սաղմի հազարավոր կամ տասնյակ հազարավոր բջիջներից միայն մեկն է «ժառանգվել» մարդուց»,- հայտարարել է Սթենֆորդի համալսարանի մասնագետը:

Վերջին 15 տարում կենսաբաններն ակտիվորեն քննարկում են այսպես կոչված՝ քսենոտրանսպլանտացիայի (կենդանու օրգանների փոխպատվաստումը մարդու մարմնում) հավանականությունը: Այս միտքը կյանքի կոչելու համար գիտնականները նշում էին, որ անհրաժեշտ է մեկ խնդիր լուծել, այն է` ստիպել իմունային համակարգին չվանել այդ օրգանները:

Այս խնդիրը դեռևս չի լուծվել, սակայն գենետիկաբանները ներկայում աշխատում են հատուկ գենային թերապիաներ մշակելու ուղղությամբ, որոնք խոզերի կամ այլ կենդանիների օրգաններն «անտեսանելի» կդարձնեն մեր իմունային համակարգի համար:

 

Ամերիկացի կենսաբաններն առաջին անգամ մարդու և ոչխարի հիբրիդային սաղմ են ստեղծել