ՆԱՍԱ-ի Opportunity մարսագնացը 5.000 մարսիական օր է անցկացրել «Կարմիր մոլորակում»
ԱՄՆ ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Opportunity մարսագնացը տոնել է «Կարմիր մոլորակի» մակերևույթին անցկացրած 5.000-րդ օրը, հայտնում է The Verge-ը՝ նկատելով, որ տիեզերական ռոբոտի համար դա չափազանց կարևոր ձեռքբերում է:
Հետաքրքրական է, որ ՆԱՍԱ-ի մասնագետները կանխատեսել էին, որ Opportunity-ն Մարսի վրա կանցկացնի առավելագույնը 90 օր: Աղբյուրը մանրամասնում է, որ մարսիական օրը 40 րոպեով ավելի երկար է երկրային օրից:
Գիտնականները չէին կարծում, որ սարքը կկարողանա դիմանալ մարսիական ձմռանը (Մարսի վրա ձմեռը տևում է 6 ամիս-Tert.am) ու կշարունակի աշխատել:
Հայտնի է, որ Opportunity-ն «Կարմիր մոլորակն» ուսումնասիրող 2 մարսագնացներից մեկն է, մյուսը կրկին ՆԱՍԱ-ին պատկանող Curiosity-ն է, որը մոլորակի վրա վայրէջք է կատարել 2012թ. օգոստոսի 5-ին: Մինչդեռ Opportunity-ն այնտեղ է գտնվում 2004թ. հունվարի 25-ից:










