Եգիպտոսում հուշարձանների հատվածներով հնագույն տաճար է հայտնաբերվել
Եգիպտոսի հյուսիսում գտնվող Կաֆր Էշ Շեյխ նահանգում գիտնականները 26-րդ դինաստիայի փարավոնների կառավարման ժամանակաշրջանի տաճար են հայտնաբերել (մոտավորապես մ.թ.ա. 685-525 թթ.): Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով նահանգի հնագիտական հուշարձանների հարցերով վարչության հայտարարությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ տաճարը գտնվում է Թել էլ Ֆարաին շրջանում, որտեղ ավելի վաղ արդեն հայտնաբերվել են հին եգիպտական հուշարձաններ:
Նշվում է, որ գիտնականները մաքրել են նախկին տաճարի տարածքը, որից մինչև մեր օրերը պահպանվել են պատերի և հատակի հատվածները: Դրանից բացի, հայտնաբերվել են նաև փարավոնների և աստվածների քանդակագործական պատկերներ, որոնք հին ժամանակներում տեղադրված էին տաճարում:
Եգիպտոսի իշխանությունները պլանավորում են մոտ ժամանակներս ներառել Կաֆր Էշ Շեյխի Թել էլ Ֆարաինը զբոսաշրջիկների այցելության համար հետաքրքիր հին եգիպտական հուշարձանների ցանկում. այստեղ թանգարան է կառուցվում, որտեղ և կտեղադրվեն բոլոր գտածոները:










