Airbus-ը ցուցադրել է իր թռչող տաքսու առաջին փորձնական թռիչքը (լուսանկարներ, տեսանյութ)

12:55 • 23.02.18

Airbus ընկերությունը ցուցադրել է Vahana նախագծի Alpha One թռչող տաքսու առաջին թռիչքը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:

The Daily Mail-ը գրում է, որ թռիչքն իրականացվել է հունվարի վերջին՝ ԱՄՆ Օրեգոն նահանգի Փենդլտոն քաղաքում: Առաջին լիարժեք փորձնական թռիչքի ժամանակ անօդաչու սարքը հավաքել է մոտ 5 մետր բարձրություն և 53 վայրկյան անցկացրել օդում:

Նշվում է, որ հաջորդ փորձարկումների ժամանակ մշակողները մտադիր են ստուգել դրոնի՝ մինչև նշանակետ հասնելու ունակությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Alpha One-ն ունի 6.2 մետր լայնություն, 5.7 մետր երկարություն և 2.8 մետր բարձրություն: Դրոնը կարող է բարձրացնել մինչև 745 կիլոգրամ քաշ, սակայն սրահում տեղ կլինի ընդամենը մեկ ուղևորի համար:

Հատկանշական է, որ սարքն աշխատում է միայն էլեկտրականությամբ: Սարքը մշակվել է կոնվերտոպլանի սկզբունքով. այն ունի 8 պրոպելլեր և 6 ռոտոր: Ապարատը կարող է բարձրանալ ուղղահայաց և ինքնուրույն կարգավորել թևերի դիրքը:

Alpha One-ի մշակումը սկսվել է 2016 թվականին, և Airbus ընկերությունը պլանավորում է շուկա հանել այն մինչև 2020 թվական:

 

 

Airbus-ը ցուցադրել է իր թռչող տաքսու առաջին փորձնական թռիչքը (լուսանկարներ, տեսանյութ)