Տեղեկություններ են հայտնվել Samsung-ի նոր սմարթֆոնների գների մասին
Համացանցում տեղեկություն է հայտնվել Samsung Galaxy S9 և S9+ նոր սմարթֆոնների գների մասին: Նորույթի գնի մասին Twitter-ում գրել է լրագրող և ինսայդեր Էվան Բլասը:
Բլասի տեղեկությունների համաձայն՝ Samsung Galaxy S9-ը կարժենա 841 եվրո, իսկ Samsung Galaxy S9+ սմարթֆոնը՝ 997 եվրո:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր սմարթֆոնների հիմնական առավելությունը հին սարքերի համեմատ լուսանկարների և տեսանյութերի մշակման համար նախատեսված ապարատային ու ծրագրային ապահովման թարմացումն է:
Մասնավորապես՝ 12 մեգապիքսելանոց տեսախցիկը թույլ կտա օգտագործել «դանդաղեցված նկարահանում» էֆեկտը, այսինքն՝ մեկ վայրկյանում 480 կադր անել: Դիմային տեսախցիկը 8 մեգապիքսելանոց կլինի:
Հայտնի է, որ Samsung-ը կներկայացնի նոր սմարթֆոնները փետրվարի 25-ին՝ Բարսելոնայում Mobile World Congress միջազգային ցուցահանդեսի բացումից մեկ օր առաջ: Հեռախոսների վաճառքը կմեկնարկի մարտի 16-ին:











