Եգիպտացի հնագետները 40 մումիա և «Շնորհավոր Նոր տարի» գրությամբ մանյակ են հայտնաբերել Նեղոսի հովտում (լուսանկարներ)
Գիտնականները հնագույն գերեզմանատուն են հայտնաբերել Նեղոսի հովտում, որտեղ սարկոֆագների (մարդկային տեսքով դագաղներ) մեջ 40 մումիա և մեկ մանյակ են գտել՝ «Շնորհավոր Նոր տարի» հիերոգլիֆային գրությամբ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ հղում անելով Եգիպտոսի հնությունների գծով նախարարությանը, հնագետներն այդ տեղանքում պեղումներ են սկսել անցյալ տարի: Այնտեղ նաև Թոթ (Լուսնի և իմաստության հին եգիպտական աստվածություն) հոգևորականներին պատկանող դամբարաններ են հայտնաբերվել:
Գերեզմանատունը հայտնաբերվել է Կահիրեից հարավ գտնվող Մինյա քաղաքում: Նախարարության տվյալներով՝ սա հին եգիպտական գետնադամբարանների ուսումնասիրության տարածքում կատարված վերջին հայտնագործությունն է:












