Սալոնիկում մետրոյի շինարարության ժամանակ մի ամբողջ քաղաք է հայտնաբերվել (լուսանկարներ)

13:22 • 24.02.18

Հունաստանի Սալոնիկ քաղաքում մետրոյի շինարարության ժամանակ մի ամբողջ հնագույն քաղաք և հարյուր հազարավոր հնագիտական գտածոներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնել են Սալոնիկի հնությունների վարչության հնագետները և շինարարական ընկերության ներկայացուցիչները «Ե՛վ հնություն, և՛ մետրո» խորագրով ասուլիսի ժամանակ, հաղորդում է «РИА Новости»-ն:

Հայտնի է, որ Սալոնիկում մետրոյի շինարարությունը սկսվել է 2006 թվականին, սակայն երկարաձգվել է հնագիտական աշխատանքների հսկայական ծավալի և գտածոների պատճառով: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է մոտ 300 հազար իր, իսկ վերջինը դարձել է Աֆրոդիտեի քանդակը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. մինչև 316 թվականը մակեդոնացի կայսր Կասանդրի՝ մինչև իշխանության գալու ժամանակաշրջանի քաղաք, հռոմեական ժամանակներից գերեզմանոց, արևելյան նեկրոպոլիս, բաց քաղաքային տարածություն, որում երևում է քաղաքի կառուցվածքը մինչև Սալոնիկի հիմնադրումը:

Նշվում է, որ ևս մի հետաքրքիր գտածո է դարձել հռոմեական ժամանակներից մնացած գերեզմանոցը (մ.թ. 2-4-րդ դարեր), որը պատկանել է ավելի վաղ անհայտ բնակավայրի:

Սալոնիկի պատմական կենտրոնում մետրոյի երկու կայարանի տարածքում անցկացված պեղումների արդյունքում հաջողվել է պարզել Սալոնիկի քաղաքային պլանավորման սկզբունքները՝ հիմնադրումից մինչև ուշ անտիկ ժամանակաշրջան:

 

 

 

Սալոնիկում մետրոյի շինարարության ժամանակ մի ամբողջ քաղաք է հայտնաբերվել (լուսանկարներ)