Ռուսաստանաբնակ հայը Mercedes-Benz է ստացել կիբեռմրցույթում հաղթելու համար
Dota 2 թիմային համակարգչային խաղի պրոֆեսիոնալ խաղացող, Լիպեցկում բնակվող Վլադիմիր «RodjER» Նիկողոսյանը հանդես է եկել Virtus.pro թիմի կողմից և ճանաչվել ESL One Katowice 2018 եվրոպական կիբեռսպորտի առաջնության լավագույն խաղացող:
«Ես սպասում էի, որ մեր թիմից յուրաքանչյուրը կարող էր հաղթել: Մենք կատակներ էինք անում այս թեմայով: Խաղերի արանքում դադարների ժամանակ ընդհանրապես չեմ մտածել այդ մասին, հետին պլանում էր: Սակայն մի տեսակ լավ չեմ զգում, որ պարգևը շնորհվել է ինձ, այլ ոչ թե մեկ ուրիշին. բոլորն արժանի էին դրան»,-Նիկողոսյանի խոսքը մեջբերում է Virtus.pro թիմի կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Նիկողոսյանը որպես պարգև ստացել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա, իսկ նրա թիմը, որը 3:1 հաշվով առաջ է անցել Vici Gaming թիմից, արժանացել է դրամական պարգևի և ստացել 750 միավոր «Pro Circuit»։
Նշվում է, որ Վլադիմիր Նիկողոսյանը ծնվել է 1994 թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանում, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել Լիպեցկ:










