Գերմանական դատարանը վճռել է, որ խոշոր քաղաքները դիզելային շարժիչներով ավտոմեքենաներն արգելելու իրավունք ունեն

16:20 • 27.02.18

Գերմանիայի դաշնային վարչական դատարանը վճռել է, որ խոշոր քաղաքներն իրավունք ունեն արգելելու դիզելային շարժիչներով ավտոմեքենաները, հայտնում է Reuters գործակալությունը:


Վնասակար արտանետումների վերաբերյալ աղմուկը բարձրացել է 2015 թվականին, երբ Volkswagen ավտոարտադրողը խոստովանել էր, որ կեղծել է արտանետումների մակարդակի վերաբերյալ ամերիկյան թեստերը, որոնց նպատակն է եղել սահմանափակել շնչառական հիվանդությունների պատճառ հանդիսացող ազոտի օքսիդների արտանետումները:


Օդի վատ որակի առնչությամբ դատական հայցով հանդես էր եկել բնապահպանական DUH կազմակերպությունը՝ հայցը ներկայացնելով Շտուտգարտ և Դյուսելդորֆ քաղաքների դեմ՝ նրանց արգելքներ սահմանել պարտադրելու համար: Բնապահպանները հաղթել են գործն առաջին ատյանի դատարաններում՝ հասնելով քաղաքային իշխանությունների համար դիզելային շարժիչներով ավտոմեքենաներն արգելելու իրավունքին:


Գերմանիայի դաշնային շրջանները բողոքարկել են դատարանի վճիռը, ինչից հետո գործը փոխանցվել է Լայպցիգում դաշնային վարչական դատարան, որն էլ այսօր վճռել է, որ արգելքներն օրինական են:


Մինչ այլ երկրներում նույնպես քնարկվում է դիզելային ավտոմեքենաների նկատմամբ սահմանափակումները, ժամանակակից ավտոմոբիլային արտադրության հայրենիքում նման արգելքը մեծ հարված է ավտոարտադրման արդյունաբերության համար և պարտություն կանցլեր Անգելա Մերկելի կառավարության համար, որը դեմ էր հանդես գալիս նման արգելքներին, գրում է Reuters-ը:

 

Գերմանական դատարանը վճռել է, որ խոշոր քաղաքները դիզելային շարժիչներով ավտոմեքենաներն արգելելու իրավունք ունեն