Բիթքոինի ենթադրյալ «ստեղծողը» մեղադրվում է իր գործընկերոջից 10 միլիարդ դոլարի բիթքոին հափշտակելու համար
Ավստրալացի Քրեյգ Ռայթը, որը հայտարարել էր, թե ինքն է ստեղծել բիթքոինը, ներգրավված է ավելի քան 10 միլիարդ դոլարի խարդախության գործում, նրա դեմ հայց է ներկայացրել իր նախկին գործընկերոջ ընտանիքը, հայտնում է The Guardian-ը:
Դատական հայցում նշվում է, որ Ռայթը բիթքոիններ է «ստեղծել» ծրագրավորող Դեյվ Քլեյմանի հետ, որը մահացել է 2013 թվականին, ինչից հետո Ռայթը յուրացրել է Դեյվի բիթքոինները: Դեյվի ընտանիքը ներկայացնող հայցվորը՝ նրա եղբայր Այրան խոստովանել է, որ չնայած բիթքոինների ընդհանուր արժեքը հայտնի է, բայց հնարավոր է, որ նրանք ձեռք բերած լինեն ավելի քան 1.1 միլիոն հատ բիթքոին:
Հայցում նշվում է, որ Ռայթը կեղծ փաստաթղթեր է օգտագործել Քլեյմանի ընտանիքին համոզելու համար, որ մահացած ծրագրավորողը երկուսի հիմնադրած W&K Info Defense Research ընկերության իր իրավունքները փոխանցել է Ռայթին:
Քլեյմանի ընտանիքը պահանջում է վիրտուալ արժույթի ստեղծման սկզբնական փուլում Ռայթի և Քլեյմանի բիթքոինների արժեքի, ինչպես նաև W&K ընկերությանը պատկանող մտավոր սեփականության դիմաց փոխհատուցում: Դրանց ընդհանուր արժեքը, նրանց գնահատմամբ, «գերազանցում է $5,118,266,427.50-ը»:
«Պարզ չէ, թե արդյոք բիթքոինը ստեղծել է Քրեյգը, Դեյվը կամ նրանք երկուսով, սակայն անհերքելի է, որ Քրեյգն ու Դեյվը ներգրավված էին բիթքոինի գործում դրա սկզբից ի վեր և որ նրանք երկուսն էլ մեծ քանակությամբ բիթքոիններ են կուտակել 2009-2013 թվականներին»,- նշվում է հայցում:
Ռայթն ավելի վաղ հայտարարել է, որ եղել է բիթքոինի ստեղծողներից մեկը, նրանք գործել են Սատոշի Նակամոտո կեղծանունով: Այդ տեղեկությունը, սակայն, չի հաստատվել:










