Porsche-ն պնդում է, որ իր առաջին էլեկտրամեքենան  կմրցակցի և կգերազանցի Tesla Model S-ին (լուսանկարներ)

22:26 • 01.03.18

Գերմանական ավտոարտադրողի առաջին ամբողջությամբ էլեկտրական Mission E մոդելը թողարկվելու է 2019-ին, իսկ այժմ ընկերությունը ներկայացրել է մեքենայի մի շարք նոր տեխնոլոգիական հատկանիշները:

Ինչպես գրում է Business Insider-ը, Porsche-ի էլեկտրական մոդելների բաժնի ղեկավար Ստեֆան Վեկբախը հայտարարել է, որ Mission E-ն առավել արդյունավետ կլինի, քան բարձրակարգ էլեկտրական մեքենաներից շատերը, ինչպես օրինակ՝ ամերիկյան Tesla Model S-ը:

Նրա խոսքով՝ գերմանական մոդելը 100 կմ/ժամ արագությունը կարող է զարգացնել 3.5 վայրկյանում: Այս առումով այն այնքան էլ մրցունակ չէ Model S-ի հետ, որն այդ արագությանը կարող է հասնել 2.5 վայրկյանում: Մեքենան, սակայն, մեկ լիցքավորմամբ կկարողանա 482 կմ տարածություն անցնել, իսկ հավելյալ 20 րոպե լիցքավորմամբ՝ ևս 400 կմ:

Գերմանացի մասնագետը հուշել է նաև վարորդի օգնական համակարգի գործառույթի առկայության մասին, ինչպես օրինակ` ավտոմատ կերպով կայանելու, կանգ առնելու և երթևեկությունը շարունակելու գործառույթները:

Mission E մոդելը կարևորագույն նշանակություն ունի Porsche-ի համար, քանի որ այն նախատեսված է շքեղ դասի էլեկտրամեքենաների շուկայում ամերիկյան Tesla-ի հետ մրցակցելու համար:




 

Porsche-ն պնդում է, որ իր առաջին էլեկտրամեքենան  կմրցակցի և կգերազանցի Tesla Model S-ին (լուսանկարներ)