Նիդեռլանդցի ինժեները դեմքի ճանաչման համակարգով սարք է ստեղծել կատվի համար (լուսանկարներ)

09:08 • 02.03.18

Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում բնակվող ինժեներ Արկայց Գարոն դեմքի ճանաչման համակարգով փոքր սարք է ստեղծել իր կատվի համար և ամրացրել այն պատշգամբի դռանը: Այս մասին նա պատմել է Business Insider-ին:

Գարոյի խոսքով՝ սարքն ընդամենը մի առաջադրանք ունի. ճանաչել իր կատվին ու տեղեկացնել, որ նա ուզում է տուն մտնել:

«Մի քանի տարի շարունակ իմ ու կնոջս մոտ Բոբիս անունով կատու էր գալիս ու կանգնում ցանկապատի մոտ: Սկզբում մտածում էինք, թե կատուն անօթևան է, այնուհետև իմացանք, որ այն պատկանում է մեր հարևանին»,- պատմել է նա:

Տղամարդու խոսքով՝ ինքն ու հարևանը որոշել են «բաժանել» կատվին երկու տան միջև. կենդանին ինքն է որոշել՝ երբ և ում մոտ գնալ: Աստիճանաբար կատվի մոտ հատուկ «ժամանակացույց» է ձևավորվել, որի համաձայն՝ նա սկսել է նախընտրել ծրագրավորողին:

«Սարք պատրաստեցի, որը նախազգուշացնում է ինձ կատվի մոտենալու մասին: Երբ Բոբիսը մոտենում է պատշգամբին, նրան դիմավորում է Raspberry Pi մինի-համակարգիչը: Ծրագրային ապահովման միջոցով նա առանձնացնում է շարժը բակում, լուսանկար անում և ուղարկում այն AWS Rekognition դեմքերի ճանաչման ամպային հարթակին», - մանրամասնել է ինժեները:

Նշվում է, որ նեյրոցանցը որոշում է՝ արդյոք պատշգամբում հենց Բոբիսն է. նրանից բացի՝ բակ են գալիս բազմաթիվ այլ կենդանիներ: Եթե համակարգը ճանաչում է Բոբիսին, այն տեղեկացնում է Գարոյին, որ պետք է բացել դուռը:

«Սարքը միշտ ճիշտ է ճանաչում Բոբիսին, եթե նա նայում է տեսախցիկին: Այն պատրաստելու համար 50 դոլար ու մի քանի ժամ աշխատանք է պահանջվել», - ասել է Գարոն:

 

Նիդեռլանդցի ինժեները դեմքի ճանաչման համակարգով սարք է ստեղծել կատվի համար (լուսանկարներ)