Samsung Galaxy S9 և S9 Plus սմարթֆոնները մարտի 2-ից հասանելի են նախնական պատվերի համար

15:54 • 02.03.18

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերության կողմից օրերս ներկայացված Galaxy S9 և S9 Plus սմարթֆոնները մարտի 2-ից հասանելի են նախնական պատվերի համար, հայտնում է The Verge-ը:

Առաքումն իրականացվելու է 2 շաբաթից՝ մարտի 16-ից սկսած:


Աղբյուրը մանրամասնում է, որ Samsung ընկերությունը Galaxy S9 և Galaxy S9 Plus սմարթֆոնները ներկայացրել էր կիրակի Բարսելոնայում կայացած Mobile World Congress միջոցառման ժամանակ:

Galaxy S9-ը հիմնականում պահպանել է Galaxy S8-ի դիզայնը: Նորագույն սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը տեսախցիկն է: Ընկերության հաղորդմամբ՝ նոր տեսախցիկը տեխնոլոգիական կատարելագործման շնորհիվ կարող է գերազանցել Galaxy S8-ի տեսախցիկին, որը լավագույններից մեկն է համարվում:

Samsung Galaxy S9 Plus մոդելը համալրված է երկակի ոսպնյակ ունեցող տեսախցիկով, իսկ Galaxy S9-ը՝ մեկ ոսպնյակով:

Ինչպես և Galaxy S8 մոդելը՝ Galaxy S9-ը ներկայանում է 5.8 դյույմ անկյունագծով Quad HD AMOLED էկրանով, իսկ Galaxy S9 Plus մոդելը՝ 6.2 դյույմ անկյունագծով:

Մատնահետքի սենսորը նորագույն սմարթֆոններում տեղակայված է տեսախցիկի ներքևի հատվածում: Սմարթֆոնն աշխատում է Snapdragon 845 պրոցեսորով: 

Samsung-ի Bixby արհեստական ինտելեկտով օգնականը կկարողանա օգտատիրոջ ընտրած լեզվով թարգմանել տեքստերը, որոնք կկարդա Galaxy S9-ի տեսախցիկի օգնությամբ: Մեկնարկի պահին թարգմանությունը հասանելի կլինի 54 լեզվով: 

Samsung Galaxy S9 և S9 Plus սմարթֆոնները մարտի 2-ից հասանելի են նախնական պատվերի համար