Քենիայում բժիշկը սխալ մարդու է գլխուղեղի վիրահատության ենթարկել
Քենիայի խոշորագույն հիվանդանոցի՝ Kenyatta National Hospital-ի նյարդավիրաբույժը հեռացվել է աշխատանքից՝ սխալ մարդու գլխուղեղի վիրահատության ենթարկելու պատճառով:
Ինչպես նշում է The Guardian-ը, վիրաբույժից բացի, աշխատանքից հեռացվել են երկու բուժքույրերը, անեսթեզիոլոգը, ինչպես նաև հիվանդանոցի գլխավոր գործադիր տնօրենը: Նշվում է, որ համապատասխան որոշումը կայացրել է առողջապահության նախարարը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել անցած կիրակի, երբ երկու տղամարդ է հոսպիտալացվել: Նրանցից առաջինը գլխուղեղում թրոմբ է ունեցել, մինչդեռ մյուսը գլխի հետ կապված խնդրի համար դեղորայքի կարիք է ունեցել:
Ինչպես պարզվել է հետագայում՝ թրոմբ ունեցող հիվանդի փոխարեն վիրահատարան է տարվել ու վիրահատվել է մյուս հիվանդը: Բժիշկները գիտակցել են իրենց սխալը, երբ հիվանդի գլխուղեղում ոչ մի թրոմբ չեն հայտնաբերել:
Միջադեպից հետո հիվանդանոցը, որը Քենիայում ամենահինն է ու ամենամեծը, հայտարարություն է տարածել, որում ներողություն է խնդրել կատարվածի համար, ինչպես նաև հավելել է, որ սխալ վիրահատված մարդն արդեն ապաքինվում է:
Նշվում է, որ դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:










