BlackBerry-ն հայց է ներկայացրել՝ ընդդեմ Facebook-ի՝ ինտելեկտուալ սեփականության գողության համար

21:20 • 07.03.18

Կանադական BlackBerry Ltd ընկերությունը Facebook Inc-ին, ինչպես նաև դրա ստորաբաժանումները հանդիսացող WhatsApp և Instagram հավելվածներին մեղադրել է ընկերության արտոնագրերը խախտելու և ինտելեկտուալ սեփականության գողության, մասնավորապես՝ BlackBerry Messenger տեխնոլոգիան կրկնօրինակելու մեջ:

Ինչպես հաղորդում է Interfax.ru-ն, Լոս Անջելեսի դաշնային դատարան կանադական ընկերության ներկայացրած հայցում նշվում է, որ «ընկերությունները հաղորդագրությունների փոխանակման հավելված են ստեղծել BlackBerry-ի ծրագրային մշակումների հիման վրա՝ ներմուծելով անվտանգության ոլորտի մի շարք նոր հատկություններ և օգտատիրոջ ինտերֆեյսը»:

Մեսենջերների հատկությունների թվում, որոնք BlackBerry-ի պնդմամբ իր ինտելեկտուալ սեփականության մաս են կազմում, նշվում են ծանուցումների ուղարկման ընթացակարգի բարելավումը, հաղորդագրության ստանալու ժամի ցուցադրումը, ինչպես նաև ընկերներին լուսանկարներում նշելու հնարավորությունը:

BlackBerry-ն չի նշել, թե ինչ գումար կցանկանար ստանալ որպես ֆինանսական փոխհատուցում:

Նշենք, որ Facebook-ը Instagram հավելվածը ձեռք է բերել 1 մլրդ դոլարով 2012-ին, իսկ երկու տարի անց գնել է նաև WhatsApp-ը 19 մլրդ դոլարով:

Ընկերությունից հայտնել են, որ մտադիր են բոլոքարկել BlackBerry-ի դատական հայցը:

 

BlackBerry-ն հայց է ներկայացրել՝ ընդդեմ Facebook-ի՝ ինտելեկտուալ սեփականության գողության համար