Tesla-ի ինքնագնաց բեռնատարն առաջին անգամ առաքում է կատարել

21:42 • 08.03.18

Ամերիկյան Tesla ընկերության ինքնագնաց էլեկտրական բեռնատարներն իրականացրել են առաջին մատակարարումը, իսկ առաքման պատրաստվող բեռնատարների լուսանկարը Instagram-ում հրապարակել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը:

Ինչպես փոխանցում է News.mail.ru-ն, Մասկը լուսանկարին կից գրառմամբ տեղեկացրել է, որ բեռնատարները Նևադայում գտնվող գործարանից մարտկոցներ են մատակարարել Կալիֆոռնիա:

Բեռնատարն, ամենայն հավանականությամբ, սերիական արտադրության չի ներկայացվի մինչև 2019 թվականը: Ինքնագնաց մեքենայի նախատիպը ցուցադրվել էր 2017-ի նոյեմբերին: Այդ ժամանակվանից ի վեր Tesla-ն պատվերներ է ստացել Pepsi, Walmart և Anheuser-Busch ընկերություններից:

Ընկերության տվյալներով՝ բեռնատարը կկարողանա մեկ լիցքավորմամբ 804 կմ տարածություն հաղթահարել՝ ամբողջական ծանրաբեռնվածության (36 տոննա) և առավելագույն արագության պարագայում: Մասկի խոսքով՝ բեռների տեղափոխման երթուղիների մեծամասնության երկարությունը կազմում է 402 կմ, ինչը նշանակում է, որ բեռնատարը կկարողանա հասնել նախատեսված վայր և վերադառնալ առանց վերալիցքավորման:

 

Tesla-ի ինքնագնաց բեռնատարն առաջին անգամ առաքում է կատարել