BMW, Daimler, Ford և VW ընկերությունները ցուցադրել են ապագայի լիցքավորման կայանների տեսքը (լուսանկարներ)

20:37 • 09.03.18

Ավտոարտադրողների կոնսորցիումը, որի կազմում ընդգրկված են BMW Group, Daimler AG, Volkswagen և Ford ընկերությունները, ներկայացրել է Ionity լիցքավորման կայանների սեփական ցանցի դիզայնը:

Ինչպես հայտնում է motor.ru-ն, լիցքավորման կայանները նախատեսվում է տեղակայել հիմնական եվրոպական ավտոմայրուղիների երկարությամբ: Յուրաքանչյուր համալիր կառանձնանա բարձրացող տանիքով, պարզ կառուցվածքով և բաց, լուսավոր տարածությամբ:

Լիցքավորման կայանի հիմնական տարրը կլինի ուղղահայաց սյան վրա տեղակայված լուսային տուփը: Ակնկալվում է, որ գիշերային ժամերին այն յուրօրինակ փարոսի դեր կկատարի:

Նախագծի շրջանակներում 350 կիլովատտ հզորությամբ 400 նման կայան կկառուցվի: Առաջին 20 համալիրը գործարկվել է անցյալ տարի, ևս 100-ը կկառուցվի մինչև 2018-ի ավարտը: Նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2020 թվականը:

Ներկայում լիցքավորման կայանների ամենամեծ ցանցը պատկանում է էլեկտրամեքենաներ արտադրող ամերիկյան Tesla-ին: Դրանց ընդհանուր թիվը կազմում է 1130:  




 

BMW, Daimler, Ford և VW ընկերությունները ցուցադրել են ապագայի լիցքավորման կայանների տեսքը (լուսանկարներ)