«Մեծ պայթյունի տեսության» աստղերն արձագանքել են Սթիվեն Հոքինգի մահվան լուրին

14:37 • 14.03.18

«Մեծ պայթյունի տեսություն» հեռուստասերիալի գլխավոր դերակատարներ Ջոնի Գալեկին ու Քեյլի Քուոկոն Սթիվեն Հոքինգի հետ լուսանկարներ են հրապարակել Instagram-ում՝ ցավ հայտնելով գիտնականի մահվան կապակցությամբ: Կադրերում գիտնականը պատկերված է հեռուստասերիալի հիմնական դերասանների հետ, հաղորդում է Life-ը:

«Հանգչեք խաղաղությամբ, Սթիվեն Հոքինգ: Մեզ կպակասի ոչ միայն ձեր փայլուն միտքը, այլ նաև հումորի զգացողությունը», - գրել է Լեոնարդի դերակատար Ջոնի Գալեկին:




«Սա իսկապես մեծ պատիվ էր՝ աշխատել անկրկնելի Սթիվեն Հոքինգի հետ: Նա ստիպեց մեզ ծիծաղել, իսկ մենք ստիպեցինք ծիծաղել նրան: Շնորհակալություն, որ ոգեշնչման աղբյուր դարձաք բոլորիս համար», - գրել է Փենիի դերակատար Քեյլի Քուոկոն:

 

 


Դերասաններին միացել է նաև Էմի Ֆարա Ֆաուլերի դերակատար Մաիմ Բյալիկը՝ նույնպես Հոքինգի հետ լուսանկար հրապարակելով Instagram-ում:

«Ես միանում եմ համաշխարհային հանրությանը՝ սգալով մեր դարաշրջանի մեծագույն ֆիզիկոսի մահը: Այժմ Սթիվեն Հոքինգն ազատ է նյութական աշխարհի ֆիզիկական սահմանափակումներից, որում մենք գոյություն ունենք, և սավառնում է մեր գլխավերևում՝ ուսումնասիրելով այն: Շնորհակալություն, դոկտոր Հոքինգ», - գրել է Բյալիկը:

Նշենք, որ 2012 թվականին Սթիվեն Հոքինգը նկարահանվել է «Մեծ պայթյունի տեսություն» հեռուստասերիալի դրվագներից մեկում և մարմնավորել ինքն իրեն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ բրիտանական Քեմբրիջում 76 տարեկանում կյանքից հեռացել է մեր ժամանակների լավագույն գիտնականներից մեկը՝ ֆիզիկոս, տիեզերաբան, «Ժամանակի հակիրճ պատմությունը» աշխատության հեղինակ Սթիվեն Հոքինգը:

«Մեծ պայթյունի տեսության» աստղերն արձագանքել են Սթիվեն Հոքինգի մահվան լուրին