ՆԱՍԱ-ն «միջուկային» տիեզերանավ է ստեղծում աստերոիդների դեմ պայքարելու համար
ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) և ԱՄՆ միջուկային գործակալությունների մասնագետները մշակում են 8 տոննանոց HAMMER տիեզերանավի նախագիծը, որի գլխավոր առաջադրանքը կլինի Երկրին մոտ վտանգավոր աստերոիդների ոչնչացումը հիպերձայնային կամ միջուկային զենքով: Այս մասին ասվում է Acta Astronautica ամսագրում հրապարակված հոդվածում:
«Չնայած այսօր Երկրի վրա աստերոիդ ընկնելու հավանականությունն աննշան է, դրա հետևանքներն իսկապես աղետալի կլինեն: Մենք փորձեցինք հասկանալ՝ ինչպես ենք կարող նվազեցնել տիեզերական սպառնալիքին արձագանքելու համար պահանջվող ժամանակը և նույն ժամանակ դրան դիմադրելու համար առավելագույն հնարավոր տարբերակներն ունենալ: Մեր գլխավոր առաջադրանքը Երկրի վրա կյանքի պաշտպանությունն է ոչնչացումից»,- պատմել է նախագծի ղեկավար Քիրստեն Հոուլին:
Գիտնականների խոսքով՝ HAMMER տիեզերանավը կարող է ոչնչացնել միայն համեմատաբար փոքր չափերի աստերոիդ (90-150 մետր տրամագծով)՝ բախումից 10 տարի առաջ դրա մոտ մեկնելու դեպքում:
Ակնհայտ է, որ սա բավական չէ Երկիրը պաշտպանելու համար, ահա թե ինչու մասնագետները կարծում են, որ HAMMER-ը անհրաժեշտ է համալրել միջուկային զենքով, որոնք շատ ավելի մեծ հարվածային ուժ կունենան, քան մեծ արագությամբ շարժվող նավը:
Նշվում է, որ սա թույլ կտա պայքարել աստերոիդների դեմ նույնիսկ այն դեպքերում, եթե դրանք բախվեն Երկրին ամենամոտ ժամանակներում՝ մասերի բաժանելով աստերոիդները և նվազեցնելով հարվածի ուժը:










